2016-ը բազում իմաստներով շրջադարձային էր: Բայց պատմության մեջ շրջադարձային տարիներ նախկինում էլ եղել են:
Շատերին, հատկապես Արևմուտքում, 2016-ը թվաց տարօրինակ, անսովոր, եթե չասենք՝ վախեցնող: Հիշեք Բրեկզիտը, Դոնալդ Թրամփի ընտրությունը, փախստականների հորձանքը Եվրոպա, Հալեպի սարսափները, արդեն չասենք՝ կրոնական ու քաղաքական արմատականության հարուցած սարսափները: Այս ամենը պատճառ են տհաճ ու տագնապալի զգացողությունների: Հեղաշրջման փորձը Թուրքիայում, Իրանի վերադարձը միջազգային ասպարեզ, Պուտինի աշխարհաքաղաքական խաղերը, Չինաստանի տնտեսության վիճակի հարուցած տագնապները՝ հիշելով այս ամենը, զարմանալի չէ, որ շատերին թվում է՝ տարին անցավ անընդհատ փոփոխությունների մեջ:
Բայց XV դարավերջի համեմատությամբ այս ամենը խաղ ու պար էր:
1492-ին Քրիստափոր Կոլումբոսը հատեց Ատլանտյան օվկիանոսը և ի լուր աշխարհի ազդարարեց, որ չտեսնված հարստություններ է գտել ու դրախտի դռները: Թեպետ նրա առաջին հայտնագործությունները ոչ մեկին առանձնապես չհարստացրին, կարճ ժամանակից Եվրոպա հոսեցին ոսկու ու արծաթի գետեր ինկերի ու ացտեկների կործանված կայսրություններից: ՈՒ դա շատ կարևոր էր:
Առավել կարևոր էր 1498-ը, երբ Վասկո դա Գաման ծովային ճանապարհ բացեց Աֆրիկայի հարավային ծայրամասով, որ սկիզբ դրեց Եվրոպայի ու Պարսից ծոցի երկրների, Հնդկաստանի, մի քիչ ավելի ուշ Հարավարևելյան Ասիայի հետ բուռն առևտրին: Եվրոպան ամբողջությամբ փոխվեց, հանկարծ դադարելով լինել գլոբալ առևտրային ճանապարհների վերջնակետը և վերածվելով այդ ճանապարհների կենտրոնի՝ և աշխարհագրական, և տնտեսական, և ռազմավարական: Այդքան խորքային ու այդքան արագ փոփոխություններ աշխարհում մինչ այդ չէին եղել երբեք:
Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպան դարձավ աշխարհի կենտրոն:
Բուն Եվրոպայի ծանրության կենտրոնն էլ տեղաշարժվեց դեպի արևմուտք ու հյուսիս: Այդ ամենը շատ հստակ զգում էին ժամանակակիցները:
Վենետիկում ոմանք աղաղակում էին, որ ծովային նոր առևտրական ճանապարհների հայտնագործումը քաղաքի վախճանն է:
Ոմանք հաճույքով շփում էին ձեռքերը՝ իրադարձությունների այդօրինակ զարգացման հեռանկարից միայն, հուսալով, որ Վենետիկը կխեղդվի ճահճի մեջ, որից վեր է խոյացել: Դա նախկին աշխարհակարգի ավարտի սկիզբն էր: Վենետիկի ապագայի հոռետեսական կանխատեսումներն ընդհանրապես ու մասնավորապես ճիշտ էին: Վենետիկը մեկընդմիշտ կորցրեց ծովային առևտրական ճանապարհների թագուհու թագը:
1498-ի իրադարձությունները
• 20 մայիսի. Պորտուգալացի ճանապարհորդ Վասկո դա Գաման հասավ Կալկաթա՝ դառնալով ծովով Հնդկաստան հասած առաջին եվրոպացին
• 21 հունիսի. Կայսր Մաքսիմիլիանը հրեաներին Նյուրնբերգից վտարեց Բավարիա
• 26 հունիսի. Չինաստանում ատամի խոզանակ ստեղծեցին վարազի մազերից
• 7 հուլիսի. Կայսր Մաքսիմիլիանը հիմնեց «Կայսերական կապելլայի» երգչախումբը
• 31 հուլիսի. Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Տրինիդադ կղզին
• 14 օգոստոսի. Քրիստափոր Կոլումբոսը դարձավ առաջին եվրոպացին, որ ոտք դրեց ներկա Վենեսուելայի ափ
• Արևմտյան Եվրոպայի թռիչքը Արևելքի հաշվին էր, շուտով եվրոպական շոշափուկները ներթափանցեցին աշխարհի բոլոր անկյունները:
Հետևանքները, ինչպես և օգուտները, վիթխարի էին:
Հետագա չորս հարյուրամյակներն անցան համաշխարհային կայսրությունների աստղի տակ, որ կառավարում էին բոլոր մայր ցամաքների երկրները:
Երբ ապագայում փորձենք 2016-ը գնահատել, մեզ այնքան էլ նշանակալից չի թվա, ինչքան 1498-ը, թեպետ, իհարկե, վճռական կլինեն այն որոշումները, որ առաջիկա երկու տարիներին կընդունվեն Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Չինաստանում ու Ասիայի մնացած հատվածներում:
Իրադարձությունները, որոնց այս տարի ականատես եղանք, բավականաչափ խոր արմատներ ունեն և մի ժամում չեն կատարվել: Եվ այդ փաստը պետք է գիտակցել: Բայց պատմությունը սովորեցնում է, որ փոփոխությունները միանգամայն բնական են ու անհնար է կասեցնել նրանց:
Պիտեր ՖՐԱՆԿՈՊԱՆ, Օքսֆորդի համալսարանի պատմաբան, ВВС
Հ.Գ. Իսկ հետո մարդկությունը վերագնահատեց իր արժեքային համակարգը՝ հրաժեշտ տվեց իրենց սպառած պատկերացումներին ու նորերը ձեռքբերեց: Պատմությունը շարունակվում է՝ կյանքը շարունակվում է, մարդիկ ծնվում են ու մեռնում, մնում են նրանց գործերը: Ի՞նչ է մնալու մեզնից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ